«Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում հետաքրքիր մի հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Նա ասում էր, որ իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, հանդիպում ունեցել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Բայց, ըստ պատգամավորի տրամաբանության, քանի որ հանդիպումը ոչպաշտոնական է եղել, ապա դա չի կարող ազդել եռյակի օրակարգի, շարժման ընթացքի վրա: Նման հայտարարությունը հասարակական կարծիքը մանիպուլացնելու փորձ է ու շատ նման է ԲՀԿ մեկ այլ անդամի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի արդարացմանը, ով մոտավորապես հասկացրել էր, որ աշխատանքային ժամերին իշխանության, իսկ ժամանցի ժամերին սեփական կուսակցության հետ է: Պարոն Մարգարյանը քաղաքական գործունեության մեծ փորձ ունի ու հրաշալի գիտի, որ ամբողջ աշխարհում հարցերի տեղիք չեն տալիս հենց հրապարակային հանդիպումները, քաղաքականության լեգալ գործիքները, երբ ամեն բան տեղի է ունենում հասարակության աչքի առաջ: Ասել կուզեմ, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը նույնիսկ շատ դրական կընկալվեր ու գործարքների մասին խոսակցությունները շրջանառության մեջ չէին դրվի, եթե այդ հանդիպման փաստը հրապարակավ հաստատվեր, կողմերից յուրաքանչյուրը հանրությանը ներկայացներ դրա հետ կապված իր օրակարգը, հնարավոր փոխզիջումների սահմանը և այլն: Այս պարագայում դա չի եղել: Կայացել է փակ հանդիպում, որին հաջորդել է կողմերից մեկի կազմակերպած լրատվական արտահոսքը ու, ըստ ամենայնի, նախագահն ու ընդդիմության առաջնորդը հանգել են ստվերային պայմանավորվածությունների, որոնց պատճառով անհարմար վիճակի մեջ են հայտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց նրանք կարող են դառնալ հնարավոր պայմանավորվածությունների առաջին քաղաքական զոհերը, որովհետև գլոբալ առումով կորցնում են իրենց քաղաքական սուբյեկտայնությունը: Երբ Սերժ Սարգսյանը լոյալ է խոսում ընդդիմության 12 պահանջների մասին ու դրանք օրակարգային է դարձնում քաղաքական կյանքում, ապա ընդդիմության հարվածների թիրախ դարձնում է հենց կառավարությանն ու նրա ղեկավարին: Երբ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, դադարեցնում է շարժումը, ապա կասկածի տակ է դնում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» տեսությունը: Սա է պատճառը, որ Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում զբաղված էր «այլընտրանքային կոմպլեմենտարիզմով»: Նրան, թերևս, այդ դերն է վիճակված ԲՀԿ-ում, իսկ այդ կուսակցության հեղափոխական օրերի հրապարակային դեմքը՝ Նաիրա Զոհրաբյանը, ստվերում է:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ